Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (1924-1971թթ)՝ հայ մեծանուն բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ծնվել
է 1924թ. հունվարի 26-ին (որոշ տվյալներով 24-ին)* Վեդու շրջանի Չանախչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն), գյուղացու ընտանիքում:
Նախնիները 1828-1829թթ գաղթել էին Պարսկաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից: Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975թթ), մայրը՝
Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1897-1982թթ), զբաղմունքով հողագործներ ու անասնապահներ էին: Նրանց ամուսնության տասնչորսերորդ տարում ծնվել է երկրորդ տղան (առաջինը մահացել էր)՝ ապագա մեծ
բանաստեղծը:
1929-1940թթ գյուղի լրիվ միջնակարգ դպրոցում գերազանց առաջադիմությամբ ստացել է սկզբնական և միջնակարգ կրթություն:
1936-1952թթ եղել է ՀամԼԿԵՄ անդամ:
1940թ. ընդունվել և 1945թ. «Գերազանց» դիպլոմով ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության
բաժինը:
1942թ. «Սովետական գրականություն» ամսագրի N 7-ում տպագրվել է Պարույր Սևակի «Անխորագիր» բանաստեղծությունը, որը հանդիսանում է բանաստեղծի
առաջին տպագիր գործը:
1945թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հայ հին և միջնադարյան գրականության մասնագիտությամբ
(1945-1948թթ, ասպիրանտ): Գիտական ղեկավարն էր անվանի ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը:
1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ:
1946-1949թթ աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում՝ որպես մամուլի բաժնի
խորհրդատու, ավագ ռեֆերենտ:
1949-1951թթ աշխատել է «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ:
1948թ. հրատարակվել է Պարույր Սևակի առաջին գիրքը՝ «Անմահները հրամայում են» վերնագրով:
1949թ.-ից Հայաստանի Գրողների միության անդամ էր:
1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում՝ գերազանցությամբ ավարտելով պոեզիայի բաժինը:
1953թ. լույս է տեսել «Անհաշտ մտերմություն» պոեմը, որը նախ հրատարակվել է Մոսկվայում, ապա՝ նոր Երևանում:
1954թ. լույս է տեսել բանաստեղծի երկրորդ՝ «Սիրո ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն:
1955-1959թթ դասախոսել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1957-1959թթ աշխատել է՝ որպես ավագ դասախոս):
1957թ. լույս է տեսել «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուն:
1959թ. լույս է տեսել «Անլռելի Զանգակատուն» պոեմը:
1963թ.-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
1963թ. հրատարակվել է «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
1966թ. նոյեմբերին Հայաստանի գրողների միության 5-րդ համագումարում ընտրվել է ՀԽՍՀ Գրողների միության վարչության քարտուղար (1966-1971թթ) և
հանդիսացել է ՀԽՍՀ Գրողների միության նախագահության, ինչպես նաև ՍՍՀՄ Գրողների վարչության անդամ:
1966-1969թթ եղել է Երևանի Քաղաքային խորհրդի դեպուտատ:
1966թ. լույս է տեսել «Անլռելի Զանգակատուն» պոեմը՝ վերամշակված, Գրիգոր Խանջյանի նկարազարդումներով:
1967թ. «Անլռելի Զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:
1967թ. հունվարի 27-ին Գրականության ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանության է ներկայացրել «Սայաթ-Նովա» մենագրությունը, 1967թ. հուլիսին
պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, բայց Գիտական կոչումներ շնորհող Գիտական խորհրդի 24 անդամներից ներկա 19-ի միաձայն քվեարկությամբ նրան շնորհվել է Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական
աստիճան (ատենախոսությունը բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը հաստատել է բավականին ուշացումով՝ 1970թ. փետրվարի 13-ին):
1968թ. ընտրվել է ՍՍՀՄ 7-րդ գումարման (1968-1970թթ) Գերագույն սովետի դեպուտատ:
1969թ. հրատարակվել է «Սայաթ-Նովա» մենագրությունը:
1969թ. հրատարակվել է «Եղիցի լույս» ժողովածուն, որը վաճառքի է հանվել հետմահու՝ 1971թ.:
Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ էր:
Տիրապետել է հինգ լեզուների՝ հայերեն, ռուսերեն (ազատ), ադրբեջաներեն, թուրքերեն (խոսակցական), անգլերեն (բառարանով):
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել աշխարհի բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն,
լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն): Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ., «Հայֆիլմ»), «Սայաթ-Նովա» (1965թ.,
«Հայֆիլմ») փաստագրական կինոնկարները:
1946թ. ամուսնացել է Մայա Ավագյանի հետ: Ունեցել են մեկ զավակ՝ Հրաչիկ Ղազարյան (1948-2006թթ) (ավարտել է Երևանի պոլիտեխնիկական
ինստիտուտը ինժեների մասնագիտությամբ, ունի երկու զավակ՝ Աննա և Ռուբեն): Մայա Ավագյանը մահացել է 2006թ.:
Մոսկվայում ուսանելու տարիներին ամուսնացել է երկրորդ անգամ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլիի հետ: Ունեցել են երկու որդի: 1958թ. ծնվել է Արմեն
Ղազարյանը (ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտությամբ գրականագետ է, պաշտպանել է թեկնածուական թեզ, ամուսնացած է, ունի երկու որդի՝ Սևակ և Արտակ): 1964թ. ծնվել է
Կորյուն Ղազարյանը (ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, մասնագիտությամբ վիրաբույժ է, ամուսնացած է, ունի երեք զավակ, ներկայումս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում):
Մահացել է 1971թ. հունիսի 17-ին, հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին՝ իր վարած ավտոմեքենայի վթարից: Պարույր Սևակի հետ ողբերգական
ավտովթարի զոհ է դարձել նաև կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին:
Թաղված է հայրենի գյուղի սեփական այգում:
Write a comment
Արթուր (Sunday, 18 May 2014 02:43)
Պարույր Սևակի կենսագրությունը լավնա, մենակ ասա վոնցես բլոգը ստեղծել
Անուշիկ Գրիգորյան (Sunday, 21 December 2014 07:27)
ոչ թե հունվարի 26-ին,այլ 24-ին
Լիլիթ (Sunday, 13 November 2016 13:42)
Անուշիկ,հունվարի 26 ին գրվել է նրա ծննդականը,բայց իր ծնված օրը հունվարի 24 է
Աստղիկ (Saturday, 09 April 2022 07:35)
Գերաաիմյան