Անջատում
Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…
Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…
Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…
Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…
Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:
Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…
Քո պատճառով
Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:
Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:
Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:
Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:
Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:
Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…
Սերը
Խաբկանք
Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է,
Գիշերվա մութ շունչն է խստանում:
Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես
Եվ վայելք ու սեր ես խոստանում:
Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես
(Ուզում ես, որ նստենք մթան մեջ),
Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես,
Տիրաբար շրջում ես իմ տան մեջ:
Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը
(Չմրսես գիշերվա պաղ հովում):
Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը
Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում…
Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն,
Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե,
Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ,
Եվ ես էլ… չեմ մեռնում առանց քեզ:
Ուշացել եմ
Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,
Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.
Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,
Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:
Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին
Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.
Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,
Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:
Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,
Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.
Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ
Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:
Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,
Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:
Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,
Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:
Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,
Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում…
Առաջին սերը
Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.
Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…
Write a comment